Սրտի ինֆակտ

Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։

Պատճառներ
Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ անոթների ախտահարման հատվածում աթերոսկլերոզային գործընթացն ուղեկցվում է թրոմբոզով (անոթների խցանում), որի հետևանքով լրիվ կամ մասնակի դադարում է արյան հոսքը սրտամկանի համապատասխան հատված։ Թրոմբի առաջացմանը նպաստում են արյան մակարդման խանգարումները։ Որոշակի դեր ունի պսակային զարկերակների ճյուղերի կծկանքը։ Սրտամկանի ինֆարկտի առաջացմանը նպաստում են հիպերտոնիկ հիվանդությունը, շաքարախտը, ճարպակալումը, նյարդային գերլարումն ու հոգեկան ցնցումները, ծխելը։ Սրտամկանի ինֆարկտը մեծ մասամբ առաջանում է կրծքային հեղձուկի ֆոնի վրա, որի դեպքում ֆիզիկական և հոգեկան գերլարումները կարող են դառնալ սրտամկանի ինֆարկտի անմիջական պատճառ։

Պաթոգենեզ
Սրտամկանի ինֆարկտի հիմնական ախտանշանը կրծքում ուժգին ցավերի երկարատև նոպան է՝ պայմանավորված սրտամկանում արյան, սննդանյութերի ու թթվածնի պահանջի սուր անբավարարությամբ։ Սովորաբար ցավը լինում է սեղմող, տանջող, այրող, տեղակայվում է կրծքավանդակի կենտրոնում (կրծոսկրի հետևում) կամ դեպի ձախ, հաճախ տարածվում է դեպի վեր և աջ, ճառագայթվում ձախ ձեռքը կամ 2 ձեռքերը, մեջքը, ստորին ծնոտը։ Որպես կանոն՝ նոպան տևում է մի քանի ժամ, երբեմն՝ նույնիսկ օր՝ ուղեկցվելով խիստ թուլությամբ, մահվան հանդեպ վախի զգացումով, ինչպես նաև հևոցով և սրտի աշխատանքի խանգարման այլ ախտանշաններով։

Թողնել մեկնաբանություն