Շնչառական շարժումներ: Թոքերի կենսական տարողությունը: Շնչառության կարգավորումը

Շնչառական շարժումներ: Թոքերի կենսական տարողությունը: Շնչառության կարգավորումը

Թոքերն օժտված են չափազանց մեծ առաձգականությամբ և գտնվում են կրծքավանդակի փակ խոռոչում՝ գրավելով նրա համարյա ամբողջ ծավալը: Դրա շնորհիվ թոքամզի խոռոչում ճնշումը միշտ լինում է մթնոլորտային ճնշումից ցածր: Բնականոն պայմաններում չափահաս առողջ մարդը հանգիստ ժամանակ մեկ րոպեում կատարում է 16−20 շնչառական շարժում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է ներշնչման և արտաշնչման փուլերից: Ընդ որում արտաշնչման փուլն ավելի երկարատև է: Օրվա ընթացքում շնչառական շարժումների թիվը կազմում է մոտ 21000:

Մարդը կյանքի ընթացքում կատարում է մոտավորապես 700 մլն շնչառական շարժում:

Շնչառությունն իրականանում է շնչառական մկանների՝ ստոծանու և միջկողային մկանների ռիթմիկ կծկումների շնորհիվ: Ստոծանին մկանային միջնապատի դեր է կատարում` բաժանելով որովայնի խոռոչը կրծքավանդակից:

Ներշնչման ժամանակ կծկվում են արտաքին միջկողային մկանները, կողոսկրերը փոքր-ինչ բարձրանում են, միաժամանակ կրծոսկրը շարժվում է դեպի առաջ: Այդ բոլորի հետևանքով կրծքավանդակի չափերը մեծանում են: Ստոծանու մկանների կծկման հետևանքով նրա գմբեթը հարթվում է, և կրծքավանդակը մեծանում է նաև ուղղաձիգ ուղղությամբ:

Թոքերը մկանային օրգան չեն, դրանք պասիվ կերպով հետևում են լայնացող կրծքավանդակի պատերին, որի հետևանքով թոքերում ընկնում է օդի ճնշումը: Մթնոլորտային օդը թափանցում է թոքեր, որոնք լայնացել են, տեղի է ունենում ներշնչում:

շնչառ.jpg

Իսկ ինչպե՞ս է կատարվում արտաշնչումը:

Միջկողային և ստոծանու մկանների թուլացման հետևանքով կողոսկրերն իրենց ծանրության տակ ուղղվում են ներքև, ստոծանին զբաղեցնում է իր նախկին դիրքը, կրծքավանդակի խոռոչը փոքրանում է, թոքերը սեղմվում են, նրանցում օդի ճնշումը մեծանում է և օդը շնչառական ուղիներով դուրս է մղվում, տեղի է ունենում արտաշնչում: Ավելի խորը շնչառությանը մասնակցում են նաև որովայնի մկանները:

Հանգիստ ներշնչման ժամանակ մարդը ներշնչում է մոտ 500 սմ³ օդ և նույնքան էլ արտաշնչում: Դա կոչվում է շնչառական ծավալ: Ի դեպ, այդ օդից միայն 360 սմ³-ն է հասնում թոքեր, իսկ մնացած 140 սմ³-ը մնում է շնչառական ուղիներում և գազափոխանակությանը չի մասնակցում:

Օդի այն առավելագույն քանակը, որը կարելի է արտաշնչել ամենախորը ներշնչումից հետո, կոչվում է թոքերի կենսական տարողություն:

Չափահաս մարդու մոտ այն մոտավորապես հավասար է 3500 սմ³: Թոքերի կենսական տարողությունը կախված է հասակից, սեռից, մարզվածության մակարդակից:

Օրինակ

6 տարեկան երեխայի թոքերի կենսական տարողությունը 1200 սմ³ է, կնոջը` մոտ 3500 սմ³, տղամարդունը՝ մոտ 4500 սմ³: Մարզված մարդկանց մոտ այն կարող է հասնել մինչև 9000 սմ³: Ամենախոր արտաշնչումից հետո թոքերում պահպանվում է մոտ 1000 սմ³ (այսպես կոչված մնացորդային օդ), որի պատճառով թոքերը չեն դատարկվում մինչև վերջ, նույնիսկ մահից հետո:

gif 1.gif

Շնչառության կարգավորումը: Շնչառության կարգավորումն իրականացվում է նյարդային և հումորալ մեխանիզմներով:

Ուշադրություն

Երկարավուն ուղեղում գտնվում է շնչառության կենտրոնը, որտեղ մոտավորապես յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ առաջանում են գրգիռներ, որոնք հաղորդվում են կրծքավանդակի միջկողային մկաններին և ստոծանուն:

Դրա շնորհիվ մկանները կծկվում են, և կրծքավանդակը լայնանում է, տեղի է ունենում ներշնչում: Նույն մկանների թուլացման հետևանքով տեղի է ունենում արտաշնչում:

Շնչառական կենտրոնի վրա որոշակի ազդեցություն են թողնում մեծ կիսագնդերի կեղևում տեղակայված բարձրագույն շնչառական կենտրոնները: Դրանց ազդեցության հետևանքով շնչառության հաճախականությունը փոխվում է խոսելու ընթացքում:

Շնչառության կարգավորմանը մասնակցում են պաշտպանական ռեֆլեքսները` հազը և փռշտոցը:

Հազի միջոցով օդատար ուղիներից փոշին և մանրէները լորձի ավելցուկի հետ հեռացվում են բերանի խոռոչով, իսկ փռշտոցի դեպքում` քթի խոռոչով: Երկու դեպքում էլ տեղի է ունենում կտրուկ արտաշնչում:

Շնչառության հաճախականությունը փոխվում է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլև մարդու հուզական վիճակի փոփոխության դեպքում: Հուզմունքի պահին շնչառությունը տեղի է ունենում ընդհատումներով, իսկ գերլարվածության ժամանակ` աղմկոտ և հաճախ: Դրական զգայական իրավիճակում մարդու շնչառությունը դանդաղում է:

Ուշադրություն

Այսպիսով՝ արթուն և հարաբերական հանգստի պայմաններում չափահաս մարդը 1 րոպեում կատարում է մոտավորապես 16 շնչառական շարժում, քնած ժամանակ` 12:

how-we-breathe.gif

Թողնել մեկնաբանություն